BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

«Ձեռքերը պիջակի գրպանները դրած տղային դժվար թե անմահությունը ընդունի»

«Ձեռքերը պիջակի գրպանները դրած տղային դժվար թե անմահությունը ընդունի»
27.11.2014 | 22:16

Բլրից ներքև ձգվում էր գարու դաշտը: Զենքը ուսից գցեց, հանեց խեբեն: Շաչող հառաչներ, գոռոցներ, ճիչեր այլևս չէր լսում: Հեռու, հնացած բաներ էին թվում: Գիտեր, որ ծնվել են իր հետ, սիրում են, ուզում են սիրվել: Բայց հիմա միայն ցավն էր ուղեկցում, ձեռքը ուսին դրած, հավատարիմ ընկերոջ պես, ով երբեք ավելորդություններ թույլ չի տալիս, չի հեգնում, չի կեղծում, պարզապես գալիս է, քայլում գլխիկոր` հարգելով որոշումը, հարգելով արյունն ու հիշողությունը: Դիմացը լողում էր գարու դաշտը: Քայլեց: Բաց կանաչ, փիրուզե հասկերը շրշում էին քամու շեղակի հարվածներից, և դաշտը փոխում էր իր խաղը և ցնծում արևի խոր համբույրների տակ: Քայլում էր դաշտի միջով ու մտածում երջանկության մասին, որ այստեղ էր, այս անպարտադիր տարածության մեջ, ուր բացակա էր հորինված մարմինը, հնարած երանգը: Միայն զմայլող սոսափյուն էր, մենության մեջ զվարթ վեհության հասնող հպանցիկ կատարելություն և հասկեր, հասկեր, հասկեր:

Արամ ՊԱՉՅԱՆ («Մի անգամ աշխարհում»)

Ընթերցողի սեղանին է արձակագիր ԱՐԱՄ ՊԱՉՅԱՆԻ «Օվկիանոս» գիրքը, ինչի առիթով էլ հարցազրույցի հրավիրեցինք նրան։ Հարցերը քաղված են գրքում տեղ գտած էսսեներից ու պատմվածքներից:
-Արամ, ինչպիսի՞ն է «աշխարհից դեպի տուն տանող ճանապարհը»:
-Սյուզըն Սոնթագի օրագրում վերջերս կարդացի. «Աշխարհն այդպես էլ նրա տունը չդարձավ»: Դեպի տուն տանող բացակա ճանապարհը, որով ես քայլում եմ, արդեն իմ տունն է:
-«Լինել Դեգա» էսսեում «նա երբեք չի շտապում նկարել և երբեք չի ավարտում նկարը» տողերը բնորոշո՞ւմ են քո (գրողի) աշխատանքը:
-Ես գրողական աշխատանք չունեմ, իմ պատմությունները պատահականության մեջ են գրվում, որոնք միշտ թերի են և թերի են մնալու: Իսկ Դեգայի գիտակցությունը անկարող է ավարտել նկարը, որովհետև ինքն իր համար մահախոսական գրելու վստահություն չունի:
-«Մենությունը կյանքը վերագտնելու աշխարհի վերջին տե՞ղն է» ու միա՞կ: Այդ դեպքում ինչո՞ւ ես գրում:
-Բլանշոն գրում է. «Յուրաքանչյուր հեղինակ գնում է դեպի իր լռությունը»: Հուսով եմ` շուտ կգա այդ օրը ու էլ չեմ գրի:
-Մենք ձգտում ենք մենակության, միևնույն ժամանակ, Դեֆոյի հերոսի նման, ուղիներ փնտրում մենակությունից փախչելու: Համամիտ չե՞ս:
-Ձգտել մենակության նշանակում է միանալ կյանքին, որևէ հետք չթողնել: ՈՒրեմն` չփախչել:
-Գրում ես, որ Դեֆոն իր կյանքի ընթացքում օգտագործել է 1984 կեղծանուն, դու սահմանափակվելո՞ւ ես Արամ Պաչյանով:
-Եթե Արամ Պաչյանը իսկապես կեղծանուն լիներ, կշարունակեի:
-«Ռոբինզոն Կրուզոն անմարդաբնակ կղզում գրում է իր հեղինակի` Դանիել Դեֆոյի կյանքի պատմությունը»: Ո՞վ է քո Ռոբինզոնը:
-Նա է, ով կղզին գտնելուց հետո մահացել է:
-Ամեն տարվա հունվարին օրագիրը վառելու սովորության մասին: Այն, ինչ հասնում է ընթերցողին, կրակից դուրս պրծած տողե՞ր են:
-Օրագրեր վառելը տոն է: Մեկը մյուսի հետևից կրակն ես նետում քեզ համար ամենաէական բաները: Այն ամենը, ինչը ժամանակին ծայրահեղորեն կարևորել ես: Բռնությանը դիմադրում ես: Օրագրերս ինձ համար ավելի հետաքրքական են, քան գրքերս: Բայց կրակն է նրանց փրկությունը:
-«Դավոն քայլում էր հոր հոգու հետևից ձեռքերը պիջակի գրպանները դրած» («Վերջին օրը»): Մահվան ու անմահության սահմանը` ըստ քեզ:
-Մահն ավելի շատ է հավատ ներշնչում, քան անմահությունը: Անմահությունը Աստծուն է նման: Կարծես նրա մասին գիտեն, բայց չեն տեսել, միայն զգում են և հուսով են, որ ուրիշները կտեսնեն: Դավոն հոր մահը (հոգին) տեսնում է ու ճանապարհում նրան դեպի իսկական ավարտը: Ձեռքերը պիջակի գրպանները դրած տղային դժվար թե անմահությունը ընդունի:
-Արամ, «Օվկիանոսը» մի տեսակ հաստատուն ու անաղմուկ մուտք գործեց գրական աշխարհ, ի տարբերություն քաղաքում իրարանցում առաջացրած առաջին երկու գրքերիդ:
-Փոքր, աննշան լռությունը Մեծ աղմուկին միացնել չեմ ուզում: «Օվկիանոսը» պարզապես պատմությունների գիրք է, ինչպես «Ռոբինզոնն» ու «Ծիտը», որոնք նույնպես պարզապես պատմությունների գրքեր են և ոչ ավելին:
-Հաջորդիվ ի՞նչ ես դնելու ընթերցողի սեղանին:
-Գրքեր գրելը այլևս շատ չեմ կարևորում, թեպետ ունեմ վեպ, որ գուցե մի օր ավարտեմ, կամ դեն նետեմ: Չգիտեմ: Հիմա տարված եմ բուդդայականությամբ, ուսումնասիրում եմ Կրիշնամուրտիին:
-«Օվկիանոսը» նվիրված է արձակագիր Ռուբեն Ֆիլյանին...
-Ռուբեն Ֆիլյանին, որ գրել է հայ արձակի ամենագեղեցիկ գրքերից մեկը` «Քո երկրի դեսպանը»: Ռուբենը 1983-ին Հնդկաստանում էր` Գոայի դրախտային ափերից մեկում` Արամբոլում, որտեղից վերջին անգամ նայում էր այս աշխարհի հավերժական ջրերին:


Զրույցը` Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 1676

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ